Թերևս փոքր-ինչ կոպիտ հնչի, այնուամենայնիվ, պետք է վկայակոչեմ հայկական հայտնի ասացվածքը. մի գիժ քարը գցեց փոսը, հարյուր խելոք հավաքվեցին, չկարողացան քարը փոսից հանել: Այսօր Լավրովի (ինչ խոսք, նա ծանրակշիո, լուրջ, աշխարհում հարգված դիվանագետ է) խոսքը, թե կոնկրետ որ նախագահին է վերաբերում միանշանակ պատասխանելը, և հեշտ է, և դժվար: Եվ այդ դիլեմայի լուծումն օբյեկտիվորեն հնարավոր չէ, որովհետև պառակտված հասարակությունում առկա քաղաքական ուժերը գործում են ոչ թե պետության, այլ խմբակային, քաղաքական թիմի շահերից ելնելով: Թողնենք Լավրովին իր խոսքի հետ, խմբակային թայֆաբազներին էլ իրենց խմբակային շահերի պաշտպանությամբ զբաղվելու:
Փորձեմ արտահայտել միտքս՝ հենվելով միայն փաստերի վրա: Երբ ստորագրվում էր Բիշքեկյան հրադադարի պայմանագիրը, Լավրովը դեռևս ՌԴ-ի ԱԳՆ-ն չէր ներկայացնում: Ինչ որ ասել է Լավրովը, ամենևին չի անդրադարձել բուն հարցին վերաբերող փաստերին և ակնարկել է, թե ով դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից: Որպեսզի ասելիքս լինի հիմնավոր, խոսքը տանք ոչ միայն բանակցային փաստաթղթերին քաջատեղյակ, այլև վերին աստիճանի օբյեկտիվ քաղաքական գործիչ Վլադիմիր Կազիմիրովին, որը Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող հմուտ դիվանագետ էր: Ես մեջ եմ բերում նրա խոսքերը մոտավոր հիշողությամբ:
«Երբ պիտի ստորագրվեր Բիշքեկյան համաձայնագիրը, նախօրեին ինձ զանգահարեց Հեյդար Ալիևը և խնդրեց, որ պայմանագիրը ստորագրի նաև Հայաստանը: Ես նրան ասացի՝ ինչ գործ ունի Հայաստանը այդ կոնֆլիկտում: Կոնֆլիկտի կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը և Ղարաբաղը։ Հասկանալով Կազիմիրովի դիրքորոշումը, Ալիևն ասում է՝ անձամբ կխնդրեմ Լևոն Հակոբովիչին, որ համաձայնվի և դնել տա Հայաստանի ստորագրությունը»: Եվ Բիշքեկում հրադադարի պայմանագիրը ստորագրվում է երեք ներկայացուցիչների կողմից:
Հիմա հարցադրումը՝ դա դավաճանությու՞ն էր, թե՞ քաղաքական տհասություն, որ ցուցաբերել է մեր «հմուտ» դիվանագետ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա ճակատագրական այն սխալն է, որ գիտակցաբար, թե անգիտակցաբար կատարել է ՀՀ առաջին նախագահը 1997 թվականին։ Թե ինչ կգրի Լևոնի «սարատնիկ» («սարատնիկ» բառի հեղինակը հայտնի լրագրող Էդիկ Անդրեասյանն է) Հենրիկ Իգիթյանը «Հայք թերթում», և կամ դրանից հետո ով վերջնականապես դուրս մղեց Ղարաբաղը բանակցային գործընթացից, ինձ համար արդեն կարևոր չէ, որովհետև հենց դա է եղել Ալիևի նպատակը՝ Հայաստանը ներքաշել որպես կոնֆլիկտի կողմ և Հայաստանի ղեկավարության կողմից (Լևոնի և Քոչարյանի) քիչ-քիչ դուրս մղել Ղարաբաղը: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Եթե դիվանագետը լծված է աշխատանքին հանուն իր, իր ընտանիքի, իր կլանի բարգավաճման և երկրի թալանի, նրանից լուրջ դիվանագիտական գործ մի սպասիր: Դիվանագետի աշխատանքը տքնաջան, անմնացորդ աշխատանք է: Թալանով զբաղվողը չի կարող լինել լուրջ պետական, քաղաքական, դիվանագետ գործիչ: